«Լավ, ըսիգ վերջը ի՞նչ է»
10.09.2019 | 01:19
ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ
Այս անգամ Գյումրի այցելության առաջին իսկ պահից հանդիպեցի Գյումրվա հումորին: Տաքսու վարորդին հարցրի.
-Ձկի մայլեն որտե՞ղ է։- Հնչեց պարզ ու գյումրեցու առօրեական, արյան հետ երակներով հոսող միամիտ ու համով պատասխանը.
-Իրա տեղը:
Տաքսու սալոնում պայթեց ծիծաղը:
Սակայն իրականում ցանկանում էի այցելել ծանոթ-բարեկամներիս բազմիցս գովաբանած «Լոֆթ Գյումրի» և «Մեղր ու բույս» թեյարանը, որոնք ժամանակակից Գյումրու մեծ ու փոքրի, պաշտոնյայի, օտարերկյա հյուրի ամենասիրված վայրերն են, այն էլ մի քաղաքում, որի ամեն մի քարը, դուռն ու շենքը, փողոցն ու քանդակը պատմություն ունեն: Բոլորովին «ջահել» ժամանցային այս կենտրոնները նույնպես հավակնում են դառնալու քաղաքի բրենդը: Նպատակս Գյումրու կրթված ու թասիբով երկու երիտասարդների՝ ԱՄԱԼՅԱ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ և ԱՐՏՈՒՇ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ՝ հարազատ քաղաքում ավանդական սովորույթներին ու մտածելակերպին զուգահեռ արդիականը ներդնող հիրավի հայրենասիրական քայլի արդյունքը սեփական աչքերով տեսնելն ու ներկայացնելն էր:
ՍԻՐԵՄ ԳԸ «ԼՈՖԹԸ»
Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 50/4 հասցեում գտնվող ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնը հայտնի է կենցաղային առօրյա հոգսերից փոքր-ինչ կտրվելու ձգտող ցանկացած գյումրեցու: Կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Թումասյանի հետ փորձեցինք հստակեցնել «Լոֆթի» գաղափարը: Փաստորեն «Լոֆթը» (անգլ.՝ Loft, բառացի՝ տանիք), 20-21-րդ դարերի ճարտարապետական ոճ, արտադրական նշանակության շենքի (գործարան, պահեստ) վերին հարկում հարմարեցված բնակարան, արհեստանոց կամ գրասենյակ է: Լոֆթ ուղղությունը առաջացել է 20-րդ դարի 40-ական թթ. Նյու Յորքի արդյունաբերական թաղամասերում։ Քաղաքի կենտրոնում հողի գների հերթական բարձրացումը արդյունաբերական տարածք ունեցողներին ստիպեց թողնել իրենց ձեռնարկությունները և տեղափոխվել ծայրամասեր։ Դատարկված գործարանների շենքերը պահանջարկ ձեռք բերեցին բոհեմի ներկայացուցիչների մոտ. գրավիչ էին թե՛ շենքերի գործառութային հնարավորությունները (բարձր առաստաղ, լավ լուսավորվածություն), թե՛ վարձակալման համեմատաբար ցածր գները։ Լոֆթը խիստ նորաձև էր հատկապես 1950-ական թվականներին։ Հատկապես այստեղ էր կենտրոնացված Նյու Յորքի արտիստական կյանքը։ Նորաձև նկարիչները լոֆթերում կազմակերպում էին ցուցահանդեսներ և ստուդիաներ։ Դասական օրինակ է Էնդի ՈՒորհոլի «Ֆաբրիկան»: Շուտով լոֆթ ոճի ինքնատիպ բնակարանները սկսեցին համարվել արդիական և էլիտար։
Հայաստանում առաջին «Լոֆթը» բացվեց Երևանում 2015 թվականին, հաջորդը Գյումրիում՝ 2017 թ. փետրվարին՝ ռուսաստանաբնակ երկու երիտասարդ գյումրեցիների մտահղացմամբ: Նրանք որոշել էին ստեղծել մի միջավայր, որտեղ հնարավոր կլիներ փոխել մտածողությունը, ձեռք բերել ինքնարտահայտվելու և ստեղծագործելու հնարավորություն, որտեղ յուրաքանչյուրն իր համար միջավայր կստեղծի՝ չխաթարելով ազգային դիմագիծն ու գյումրեցու հոգեկերտվածքը: «Լոֆթ Գյումրին» ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որտեղ անվճար է ամեն ինչ, բացի ժամանակից։ Նույն հասցեում առաջարկվում են միանգամից մի քանի, իրարից անկախ սրահներ՝ սեմինարների գոտի, խաղասենյակ, բաց խոհանոց, սպիտակ սենյակ՝ նախատեսված հիմնականում յոգայի և պարի պարապմունքների համար, արվեստի ընդարձակ սրահ, արհեստանոց և բեմական հատված՝ երաժշտական գործիքներով։
Առհասարակ Գյումրին դժվարությամբ է մարսում իր կենցաղն ու առօրյան մխրճվող ցանկացած նորամուծություն, սակայն, Ամալյայի փոխանցմամբ, իրենց հաջողվեց հաղթահարել մի շարք կարծրատիպեր, չխաթարելով գյումրեցու ազգային դիմագիծը: «Լոֆթը» պարզապես ինքնազարգացման և ժամանցի հարթակ է, այն բաց է ամենատարբեր գաղափարների համար, իրականացնում է տարբեր գործառույթներ սկսած մշակութային միջոցառումների կազմակերպումից մինչև Եվրոպական Միության նախագծերի իրականացում: Ամիսներ շարունակ այստեղ ներկայացվել է եվրոպական 11 երկրների մշակութային կյանքը` հարստացնելով մասնակիցների գիտելիքներն ու բարձրացնելով գեղեցիկի հանդեպ ընկալումների նշաձողը: Միջավայրը հիշեցնում է ընտանեկան ջերմությունը. բազմոցներ ու գրքերով լի պահարաններ, ընդարձակ խոհանոց, սրահի անկյունում տեղավորված դաշնամուր ու առաջին պլան մղված հարվածային գործիքներ, մեծ, ընդարձակ պատուհաններից թափանցող լույսի առատություն ու ամեն անկյունում զրուցող, աշխատող, երգող, խաղացող տարբեր տարիքային խմբի ու սեռի ներկայացուցիչներ:
-«Լոֆթը» սոցիալական բիզնես է, որտեղ ամեն ինչ անվճար է, բացի ժամանակից: Մեր տնօրենների խորհրդի որոշմամբ մեկ անձի համար մուտքը 2 ժամի համար սահմանվել է 500 դրամ, 3 ժամի համար՝ 700 դրամ, որը, կարծում եմ, սիմվոլիկ գումար է նման հսկայական կառույցը պահելու համար. և հենց այդ զոհողությունների հաշվին մենք ավելի շատ աշխատանք պետք է անենք: Ինչ վերաբերում է այցելուների արձագանքին, ապա դյուրին չեղավ նոր գաղափարի մարսումը: Առաջին օրերին այցելուների մեծ հոսք եղավ, քանի որ նորույթ էր, և մարդիկ ուզում էին իմանալ, թե ինչ է դա, հետո նրանց թիվը պակասեց: Սկզբնական շրջանում մարդկանց դժվար էր բացատրել, թե ինչ է «Լոֆթը», քանի որ մեր քաղաքում նման բան չի եղել, իսկ ահա այստեղ դու վճարում ես միայն ժամանակի համար, ու շինության երեք հարկերը կարող ես օգտագործել այնպես, ինչպես ուզում ես: Պատկերացրեք, թե Գյումրու համար դա ինչ հետաքրքիր վայր է, որ գալիս են տեսնում ու բացատրելուց հետո հարցնում. «Լավ, ըսիգ վերջը ի՞նչ է»: ՈՒ ամեն անգամ բացատրում ես, որ այս ու այս է, ուշադիր լսելուց հետո էլ կրկին հարցնում է. «Ես վերջը չհասկցա, ըսիգ ի՞նչ է»: Այս հարցը տվել են բոլորը, մինչև հասկացել ու մերվել են «Լոֆթին»: Իրականում սա մի առանձին մշակույթ է, որը ձևավորվեց, ու մենք ունենք լոֆթեցիների մի մեծ խումբ, ովքեր այստեղ իրենց զգում են, ինչպես ձուկը ջրում: «Լոֆթը» միջավայր է, որտեղ գյումրեցի երիտասարդն առաջին անգամ գալիս ու խոհանոցում իր համար սուրճ է պատրաստում, մի բան, որ իր տանը թերևս չաներ, հետո իր ափսեն երկրորդ հարկից իջեցնում է ներքև ու լվանում, ուր մի անկյունում տղերքը կիթառ են նվագում, իսկ վերին հարկում Հնդկաստանի դեսպանը տիկնոջ հետ սրճում է, մի քիչ հետո մարզպետն է գալիս կնոջ հետ ընթրելու, ու նույն ժամանակ մի փոքրիկ Շոպեն դաշնամուր է նվագում: Այցելուն գալիս կամ ինքն է պատրաստում սուրճն ու թեյը, կամ պատվիրում է, որոնց գումարը մտնում է ժամավճարի մեջ, - պատմում է Ամալյան ու հավելում, որ «Լոֆթ»-ում գործում են ակումբներ՝ ՄԱՖ, առողջ ապրելակերպի, հոգեբանության, որտեղ հաճախակի անցկացվում են սեմինարներ, զրույցներ: Այստեղ կրկնվող միջոցառումներ չեն լինում, քանի որ բազմաբնույթ ծրագրերը մշտապես հերթի են կանգնած:
ԹԵՅԱՐԱՆ, ՈՐԸ ՄՇԱԿՈՒՅԹ Է ՓՈԽՈՒՄ
Գյումրու կենտրոնում մեկ այլ ինքնատիպ նախագիծ է իրականացրել մասնագիտությամբ տնտեսագետ, 18 տարի Շվեյցարիայում ապրած, Ժնևի ու Լոնդոնի համալսարաններում կրթություն ստացած գյումրեցի Արտուշ Եղիազարյանը: Դեռ արտասահմանում ապրած տարիներին նա հետաքրքրված էր Հայաստանի բնապահպանական խնդիրներով, անգամ ՄԱԿ-ում հնչեցրել է Թեղուտի բազմաչարչար հարցը, իսկ արդեն հայրենիքում ընկերների հետ կամավոր կազմակերպել է թեղուտցիների բնամթերքի՝ մեղրի, խոտաբույսերի, չրեղենի իրացումը:
-Ցավում եմ, որ մեր երկրի ընդերքը այլ երկրներ շահագործում են շատ էժան գնով, իսկ արդյունքը, գնալով հարուստ երկրներ ու դառնալով 2-3-րդական ապրանք, նորից վերադառնում է մեր երկիր ու թանկ գնով վաճառվում ժողովրդի վրա, որից մարդիկ միայն տուժում են: Ես դեռ արտասահմանում ներգրավվեցի Հայաստանում ընթացող բնապահպանական պայքարին, սակայն իմ պայքարը ավելի կառուցողական էր, իմ նպատակն էր հանքարդյունաբերության դեմ պայքարելով հանդերձ առաջարկել այլընտրանքային լուծում: Քանի որ թեղուտցիները բացի հանքում աշխատելուց զբաղվում էին նաև մեղրի արտադրությամբ և ունեին իրացման խնդիր, ընկերներիս հետ նրանց առաջարկեցի մեր ուժերով իրենց արտադրանքը վաճառել Երևանում, պայմանով, որ այլևս չաշխատեն հանքում: Ոմանք համաձայնեցին, ոմանք, անտեսելով սեփական առողջությունը, գերադասեցին աշխատել հանքում: Ես Ժնևից կազմակերպում էի մեղրի վաճառքը Երևանում: Հենց այդ ժամանակ էլ ծնվեց Herbs and honey-ի՝ «Մեղր ու բույս» կոչվող էկոլոգիական թեյարանի գաղափարը՝ մեղրը Թեղուտից, բույսը՝ Աշոցքից, որն էլ իրականացրի Գյումրի վերադառնալուց անմիջապես հետո,- պատմում է Արտուշ Եղիազարյանը:
Թեյարանն իրոք արտաքնապես յուրահատուկ է: Բացօթյա թեյարանում մեղմ երաժշտության հնչյունների տակ սեղանների մոտ նստած մարդիկ վայելում են պատվիրածը՝ մեղրով թեյը: Վաճառքի սրահի ձևավորումն արդեն իսկ հիշեցնում է, որ այստեղ ամեն իր էկոլոգիապես մաքուր է, ամենուր սարերից հավաքած ու փնջերով պատերից կախված բույսերի բուրմունքն է: Վաճառասրահի գողտրիկ տեսքն ու ձևավորումը վկայում են տիրոջ բարձր ճաշակի մասին: Այստեղ արգելված է խմիչքի վաճառքը, մի բան, որ սկզբնական շրջանում անսովոր էր ոմանց համար:
Այս դեպքում էլ Գյումրին դժվարությամբ համակերպվեց նոր երևույթի հետ: Սակայն Արտուշ Եղիազարյանը գիտե, որ դյուրին չէ նորի ընկալումը, որ այն շարունակական պրոցես է: Ի վերջո հասկացել է, որ մարդիկ դիմադրում են զարգացմանը, ցանկացած նորին: Մարդիկ կան, որ նոր բան տեսնելիս ձգտում են կիրառել, ընդօրինակել այն, պատահում է նաև հակառակը: Երբ թեյարանը նոր էր բացվել, մի հետաքրքիր տենդենց նկատվեց, շատերին գաղափարը հրապուրեց, անգամ միմյանց անծանոթ մարդիկ փորձում էին իրենց ներդրումն ունենալ թեկուզ մի փոքր գաղափարով կամ առաջարկով, ինչն ինքնին վկայում էր, որ թեյարանի գաղափարը համախմբում է մարդկանց, գրավում նորանոր համակիրների: Թեյարանն օրական ունի 50-60 այցելու: Երիտասարդ աշխատակիցներն առանձնանում են ժպտերես ու բարեհամբույր վերաբերմունքով: Թեյարանում վաճառվող 60 տեսակի թեյերից 8-ը՝ սև և կանաչ, ներկրվում են; Արտուշ Եղիազարյանի փոխանցմամբ` իրենք համագործակցում են ոչ մեծ ընկերությունների հետ, բնական արտադրանքը գնվում է հիմնականում անհատներից՝ Շիրակի մարզի գյուղերի բնակիչներից:
-Գյումրիում 50 % աղքատություն կա, անթույլատրելի է, որ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքն աղքատության այդպիսի բարձր ցուցանիշ ունենա: Ես այդ մասին բարձրաձայնում եմ և ուզում եմ մեսիջ փոխանցել կառավարությանը, որ ներդրումներ են հարկավոր, որոնք պետք է լինեն ծրագրերի, ենթակառուցվածքների ստեղծման կամ եղածը վերականգնելու տեսքով: Ժամանակին Գյումրին 200 հազար բնակիչ ուներ, այսօր մնացել է շուրջ 70 հազարը: Տնտեսությունն աշխատեցնողը մարդն է, այսօր մասնագետ չկա Գյումրիում, այսօր մեզ մարդ է պետք, կադր, շատերն այսօր փող ունեն դրսում, ես էի խելառը, որ վեր կացա եկա, իսկ մյուսներն ասում են` մինչև կայունություն չլինի, չեմ գա Հայաստան։ Խոսքը տնտեսական, հարկային դաշտի կայունության մասին է: Չկարծեք, թե զղջացել եմ վերադառնալու համար, քավ լիցի, դեռ շատ անելիքներ ունեմ: Դարձյալ շեշտում եմ՝ Հայաստանը կադրերի պակաս ունի, մտածել է պետք, ու դա միայն Նիկոլ Փաշինյանի խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, ու արտագաղթը, որը տեղի է ունեցել, նաև կադրերի պակասի պառճառով է, մենք այսօր կրթված, զարգացած մարդկանց կարիք ունենք, այդ նույն գյումրեցիք, որ ապրում են Մոսկվայում կամ Եվրոպայում, թող գան կառուցեն երկիրը,- ասում է Արտուշ Եղիազարյանը:
ՈՐՊԵՍ ԱՎԱՐՏ
Միտքս ավարտում եմ Գարեգին Նժդեհի խոսքով. «Երիտասարդություն, դու բարձրանպատակ ես, եթե ծառայում ես հայրենիքին»: Իսկ Գյումրիում այդպիսի երիտասարդներ կան, ովքեր պահում-գուրգուրում են Մհեր Մկրտչյանի, Շարա Տալյանի, գուսան Շերամի, ֆայտոն Գրիշի պաշտելի քաղաքի դիմագիծը` միաժամանակ թարմացնելով Գյումրու շնչառությունը:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
Մեկնաբանություններ